Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին
լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում
ու հաստանում է խոզի պես։
Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի
գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։
Կանչեց նրանց իր մոտ և ասաց.
― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։
Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։
Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։
― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ
էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։
― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և
ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր
կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։
Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ,
որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը
չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.
― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի
ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս
կգա։
Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և
ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։
4
Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները,
գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և,
աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար և
մշտաբեր։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։
Թագավորի որդին հիմա էլ այդ ծառի վրա սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր
բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։
Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և, ամենայն
հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի
որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։
Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ
հանգստացավ։
Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։ Այս
բանը չնկատեց բոշան, չնայած որ ամեն զգուշություն գործ էր դրել, որ մի շյուղ անգամ
չազատվի ձեռքիցը։
Պառավը երբ տեսավ տաշեղը, շատ հավանեց․ այս ի՜նչ լավ խուփ է, ասաց, և վեր առավ,
նրանով ծածկեց մի բղուղի բերան։
Պառավը շատ աղքատ էր և իր ձեռքի աշխատանքովն էր ապրում։ Առավոտը կանուխ դուրս էր
գալիս տանից, գնում էր սրա-նրա մոտ ջահրա մանում, գործ անում, երեկոյին գալիս էր տուն։
Այսպես մյուս առավոտը հենց որ գնաց իր բանին, բղուղի խուփը տեղիցը թռավ և դառավ մի
սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի դառավ առաջվան Եղեգնուհին, միայն թե՝ այս անգամ պարզ և
սիրուն հագուստով զարդարված։
Եղեգնուհին վեր առավ ավելը, տունը-տեղը մաքուր սրբեց, կրակ արավ, կերակուր եփեց և
իրիկնադեմին, պառավի գալու ժամանակը, թաք կացավ մի անկյունում։ Պառավը ներս մտավ
և, տեսնելով ամեն ինչ սարքած, կարգած, տունն ավլած, կերակուրը եփած՝ մնաց զարմացած։
― Ո՞վ պիտի լինի արած այս բանը,― ասաց․― դուռը կողպած էր, ոչ ոք չէր կարող ներս գալ․
կարելի է՝ հերթովը լինի մտած։ Բայց ով որ է՝ ինձ լավություն է արել, վատություն չի արել,
երանի միշտ այսպես անե։
Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ, որ գոհ է, սկսեց հազալ և կամաց-կամաց դուրս
եկավ մութ անկյունից։ Պառավը որ տեսավ Եղեգնուհուն՝ մնաց հիացած։ Աղջիկը փաթաթվեց
պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց.
― Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ…
― Շատ ուրախ կլինիմ,― ասաց պառավը,― բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես
հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում․ քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի
լինիլ ո՛չ ճրագ և ո՛չ կրակ։
Այս ասաց պառավը և սկսեց համբուրել ադջկանը, ինչպես մի սրբուհու, և հարցրեց, թե՝ ո՞վ է
նա։
― Իմ ով լինելը մի՛ հարցնիր․ ժամանակ կգա՝ կիմանաս, իսկ մինչև այն ժամանակը ոչ ոքի մի
էլ ասիլ, որ ինձ նման մի աղջիկ ունիս․ իմ երեսը ոչով չպիտի տեսնի, բացի քեզանից։ Դու
կշարունակես քո պարապմունքը, ես տանը կմնամ, ինձ համար կար ու գործ կբերես, ես
կանեմ։
1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
խուփ-կափարիչ
2․Ստեղծագործության 4 մասերը վերնագրի՛ր։
Հարսը խախնում է իրար ամբողջ թագավորությունը


